Լիմֆոդեմա

Ավշային կանգը՝ լիմֆոստազ, լիմֆեդեմա, ավշային այտուց, զարգանում է ավշային փոխանակության և հոսքի խանգարման հետևանքով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալի համաձայն աշխարհում բնակչության շուրջ 10 տոկոսը տառապում է այս խնդրից: Լիմֆոստազի դեպքում նկատվում է անընդհատ մեծացող և զարգացող այտուց: Վերին կամ ստորին վերջույթներն ուռչում են,  մեծանում է դրանց ծավալը, մաշկը կոշտանում է, նկատվում է հիպերկերատոզ, ճաքեր, խոցեր, ի հայտ են գալիս հոգեբանական խնդիրներ: Անընդհատ մեծացող այտուցն ու մարմնի տարբեր հատվածների ծավալային փոփոխությունն ի վերջո ազդում է մարդու կյանքի որակի, կենսակերպի, աշխատունակության վրա:

Այս հիվանդությունը պայմանավորում են մի շարք հանգամանքներ:  Ավշային տեղաշարժի ու դրա կանգի համար պատճառ կարող են լինել սրտային անբավարարությունը, երիկամային հիվանդությունները, հիպոպրոտեինեմիան. սրանք վիճակներ են, երբ ավշային ուղիները չեն կարողանում իրականացնել ավիշի տեղափոխումը:

Լիմֆոստազը կարող է լինել  անոթային հիվանդությունների հետևանք, այդ թվում՝ քրոնիկ երակային անբավարարության, թրոմբոֆլեբիտի բարդություններ: Հյուսվածքային հեղուկի ավելցուկային քանակության դուրսբերման ժամանակ գործում է ավշային անոթների կոմպենսատոր համակարգը, թուլանում է  դրանց տոնուսը, առաջանում է փականային անբավարարություն և ավշանոթային անբավարարություն:

Լիմֆեդեմայի առաջացման պատճառ կարող են լինել լիմֆատիկ համակարգի վնասումներն ու արատները, ավշային անոթների անանցանելիությունը: Ավշային անոթների անանցանելիության պատճառը մեխանիկական վնասումներն են՝ վիրահատության, վնասվածքների, այրվածքների դեպքում: Ուռուցքային գոյացությունները, բորբոքային նյութը ևս կարող են խոչընդոտել ավշային հոսքին:

Ձեռքերի լիմֆեդեմա հաճախ է լինում կրծքային վիրահատությունների պարագայում, մասնավորապես քաղցկեղային հիվանդությունների դեպքում, երբ անհրաժեշտություն կա ծավալային հատումների, հաճախ են վնասվում ավշային հանգույցները: Նույն սկզբունքով ստորին վերջույթների լեմֆեդեմա կարող է առաջանալ շագանակագեղձի քաղցկեղի վիրահատական միջամտության դեպքում: Լիմֆոստազ առաջանում է կրկնվող ստրեպտակոկային վարակների, ճառագայթային բուժումների արդյունքում:  Որոշ վարակների դեպքում ախտահարվում են նաև ավշային հանգույցները, սկզբում դրանք մեծանում ու նկատվում, ապա՝ դառնում ավշային կուտակումների պատճառ: Սակայն հատկանշական է, որ ավշային այտուցների առաջացման համար բավական է անգամ մեղվի խայթոցը, վնասվածքային սալջարդը, սուր կտրող-ծակող գործիքի վնասվածքը:

Լիմֆոստազի ազդեցությունը մարդու կյանքի վրա պայմանավորված չէ զուտ էսթետիկ անհարմարությամբ: Որոշ դեպքերում այն ուղեկցվում է ինքնազգացողության վատացմամբ՝ կախված օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության խանգարումներով, ինչպե նաև բարձր ջերմությամբ, այլ օրգան-համակարգերի ախտահարումներով:

Հիվանդության առաջին իսկ նախանշանների ի հայտ գալուն պես պետք է դիմել անոթաբանի, ավշաբանի՝ պատճառագիտությունը պարզելու: Բոլոր դեպքերում, երբ առկա են մեխանիկական վնասվածքներ կամ վիրահատական միջամտություն է իրականացվել, պետք է լինեն կանխարգելիչ գործողություններ: Արտաքին զննումը երբեմն բավական է ախտորոշման համար, սակայն հիմնական դեպքերում նշանակվում են գործիքային հետազոտություններ:

Կրծքագեղձի, շագանակագեղձի ծավալուն վիրահատություններից հետո հատկապես, իսկ որոշ ծավալային միջամտություններից հետո մասնագետները խորհուրդ են տալիս կրել կոմպրեսիոն տրիկոտաժ՝ կանխելու այտուցի զարգացումը:

Հիվանդության բուժման նպատակը ավշի բնականոն հոսքն ապահովելն է: Իրականացվում է լիմֆոդրենաժային մերսում, ֆիզիոթերապևտիկ կուրսեր, ինչպես նաև խրախուսվում է առողջ սննդի կիրառությունն ու շարժուն կենսակերպը: Երբեմն իրականացվում է վիրահատական միջամտություն:

Միևնույն ժամանակ պետք է հատուկ խնամել այտուցված հատվածները, որպեսզի պատահաբար չլինեն քերծվածքներ և միկրովնասվածքներ՝ բարդություններից, վարակների ներթափանցումից խուսափելու համար: