Խնամելով ոտնաթաթը

Հենաշարժողական համակարգի հիվանդություններն ու հիվանդագին վիճակները մեծամասամբ շաղկապված են: Դրանք ունեն պատճառահետևանքային կապ, որը երբեմն անտեսվում է: Ոտնաթաթը, որպես այս համակարգի օղակներից մեկը, հաճախ է խթանում ամենատարբեր վիճակների զարգացումը: Մենք հենվում ենք ոտքերի վրա, իսկ դրանց ծանրաբեռնվածությունը վտանգներով է լի:

Որո՞նք են ոտնաթաթի ամենահաճախ հանդիպող ախտահարումները:

Ոտնաթաթի սնկային ախտահարում: Այս խնդրից ապահովագրված չէ և ոչ ոք: Խնդրի առաջացման համար չկա նաև տարիքային խտրականություն: Ոտնաթաթի սունկը կարող է ախտահարել ինչպես մաշկը, այնպես էլ եղունգները: Միկոզների համար նպաստավոր պայման է խոնավ միջավայրը: Պատշաճ կերպով չախտահանված լողավազանները, փայտյա ծովափնյա աթոռները, հասարակական լոգարանները միկոզների տարածման ամենաուղիղ ճանապարհն են: Դրանք կարող են տեղ գտնել նաև ընտանիքի ներսում, երբ չեն պահպանվում անձնական հիգիենայի կանոնները, երբ ընդհանուր են հողաթափերը: Միկոզների բազմացման համար լավագույն պատճառ են ոչ բնական նյութերից կարված կոշիկները, որոնք չեն շնչում, պահպանում են խոնավությունը: Հարկ է նշել, որ պետք է առաջին իսկ նշանների դեպքում՝ կարմրություն, այրոցի զգացողություն, փոքրիկ փուչիկների առաջացում, դիմել բժշկի՝ պոդիատրի: Հակառակ պարագայում հիվանդությունը կզարգանա՝ կառաջանան խոցեր, էկզեմա, մաշկաբորբի ամենատարբեր դրսևորումներ:

Հարթաթաթությունը հենաշարժողական համակարգի հիվանդություն է, որն արտահայտվում է ոտնաթաթի կամարի կորության բացակայությամբ կամ ոտնաթաթի՝ դեպի դուրս որոշակի շեղումով: Այն առաջանում է ժառանգական նախատրամադրվածության, ոտնաթաթի և կոճի վնասվածքների, գերծանրաբեռնվածության, ինչպես նաև սխալ ընտրված կոշիկի, ավելորդ քաշի պատճառով: Հարթաթաթության ու դրա բարդությունների կանխարգելման ամենաարդյունավետ եղանակը նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում վաղ հայտնաբերումն է: Այս ընթացքում հնարավոր է ճիշտ ընտրված կոշիկների, ինչպես նաև անհրաժեշտ վարժությունների շարքի շնորհիվ նպաստել հոդային աճառների ու կապանների առաձգականության զարգացմանը: Հակառակ պարագայում, հարթաթաթությունը ոչ միայն վտանգում է կյանքի որակը՝ տևական ցավեր, անհարմարության զգացողություն, շուտ հոգնածություն առաջացնելով, այլև պատճառ է դառնում այնպիսի լուրջ հիվանդությունների զարգացման, ինչպիսիք են սկոլիոզները, ողնաշարի թեքումները, դիմածնոտային հատվածի, ատամնաշարի շեղումները:

Կոճերը՝ բժշկական լեզվով՝ դրսադարձ բթամատ՝ hallux valgus, ոսկրային գերաճեր չեն, դրանք ոտնաթաթի ոսկրերի դիրքի պրոգրեսիվող փոփոխություններ են:  Այս խնդիրը կանանց մոտ ավելի հաճախ է առաջանում: Նպաստող գործոններ են նեղ, բարձրակրունկ, անհարմար կոշիկները, ժառանգական նախատրամադրվածությունը: Դուրս եկած մասերը ցավեցնում են ոտքը, արագ հոգնածության պատճառ դառնում, նաև՝ էսթետիկ անհարմարություն են առաջացնում: Դրանց դեմ պայքարել կարելի է ամենատարբեր կորեկտորների, ներդիրների միջոցով: Բոլոր այն դեպքերում, երբ դրսադարձ բթամատը չի շտկվում, օգնության է հասնում վիրահատական միջամտությունը, ինչը խնդրի վերջնական լուծումն է:

Մասնագետները խորհուրդ են տալիս երբեք չդիմանալ ոտնաթաթի նշված ախտահարումներին ու հիվանդագին վիճակներին: Բացի այն, որ սրանք նկատելիորեն վտանգում են կյանքի որակը, նաև կարող են խթանել առավել լուրջ հիվանդությունների զարգացումը: Բուժում անհրաժեշտ է ստանալ մասնագիտացված կլինիկայում: