Կինը ծննդաբերությունից առաջ

Առջևում ծննդաբերությունն է

Հղիության 9 ամիսնների յուրաքանչյուր օր նշանակալից է՝  ամեն վայրկյան կնոջ արգանդում ապրող պտուղը հերթական «միկրոզարգացումն» է գրանցում:

Չափազանց պատասխանատու և կարևոր է հղիության վերջին ամիսը, երբ կինը սկսում է ֆիզիկապես, միևնույն ժամանակ, հոգեբանորեն պատրաստվել իր կյանքի ճակատագրական հանդիպմանը:

Խոշոր հաշվով, հղիության լուրն իմանալով իսկ՝ կինը սկսում է պատրաստվել ծննդաբերությանը: Առավել ճիշտ մոտեցման դեպքում հղիությանը պետք է նախորդեն բուժզննությունները, առկայության դեպքում քրոնիկ, ինչպես նաև նոր ի հայտ եկած հիվանդությունների բուժումն ու հնարավոր ռիսկերի կանխարգելումը: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ հղիությունը սադրում է նոր հիվանդության ի հայտ գալը: Եթե երկունքի ամիսներին կնոջ առողջական վիճակն ու ինքնազգացողությունը մասնագետների ուշադրության ներքո է, ապա նախածննդյան շրջանում ջանքերն ու զգոնությունը պետք է բազմապատկվի: Չէ՞ որ ծննդաբերությունը լրջագույն գործընթաց է, որին պետք է պատրաստ լինի առողջ օրգանիզմը: Կարևորվում է մանրամասն բուժզննության կազմակերպումը, հնարավոր սեռական ու արտասեռական հիվանդությունների ինտենսիվ բուժումն ու կառավարումը: Քրոնիկ համակարգային հիվանդությունների սրացումները լրջագույն խնդիր են ծննդաբերության շրջանի համար:

Առաջնային նշանակություն է տրվում սրտանոթային համակարգի հիվանդությունների կառավարմանը, հնարավոր բարդությունների կանխարգելմանը:

Նախածննդաբերական շրջանում հատուկ ուշադրություն է անհրաժեշտ դարձնել սննդակարգին ու կենսակերպին: Պետք է հիշել, որ այս ընթացքում կինը սնվում ու ապրում է ոչ միայն պտղի զարգացումն ապահովելու նպատակով, այլ իր օրգանիզմը կազդուրելու և ծննդաբերությանը համարժեք էներգիա, ռեսուրսներ կուտակելու համար: Նույնքան կարևոր է ֆիզիկական պատրաստվածությունը: Եթե հատուկ հղիների համար նախատեսված մարմնամարզական ծրագրերը միանշանակ չեն ընդունվում մանկաբարձ-գինեկոլոգների կողմից և բազմիցս է բարձրաձայնվում դրանց բարդությունների մասին, ապա պարզագույն ֆիզիկական ակտիվությունը՝ զբոսանքները մաքուր օդին, շարժուն վիճակը, տնային գործեր իրականացնելը, թեթևակի ծանրաբեռնվածությունը, խրախուսվում են:

Յուրաքանչյուր կնոջ համար, անկախ նրա հոգեկերտվածքից, հղիությունը մեծագույն սթրես է: Սա նորության, անսովորության ու գերագույն պատասխանատվության միաձուլումն է: Կինը պատասխանատու է իր փոքրիկի կյանքի, առողջության, տեսակի ու կատարելության համար: Կնոջ միկրոտիեզերքը ենթագիտակցորեն արարում է, այն էլ՝  նոր մարդ: Եվ միանգամայն բնական է, որ կինը, մանավանդ, եթե որոշակիորեն հասուն է ու գիտակցում է իր կարգավիճակը, պետք է զգուշավորություն ցուցաբերի ու վախեր ունենա: Վախը հղիության ողջ ընթացքի, իսկ առավելապես՝ նախածննդաբերական շրջանի ամենաբնորոշ զգացողությունն է: Եթե 9 ամսվա ընթացքում կինը, չնայած պարբերաբար անցնող հետազոտություններին, բժշկի հսկողությանը, և բազմաթիվ ապացուցումներին, թե փոքրիկի հետ ամեն ինչ կարգին է, միևնույն է վախեր է ունենում՝ նրա տեսքի, առողջության, ինչպիսին լինելու վերաբերյալ: Սա անբացատրելի է, անկառավարելի: Սակայն հնարավոր է մեղմել՝ կրկին՝ հարազատների ուշադրության ու հոգատարության օգնությամբ:

Այս ընթացքում չափազանց կարևոր է, որ կինը զգա հարազատների, հատկապես ամուսնու հոգածությունը: Հակառակ պարագայում, վախի, անհարմարության զգացողությունը, լրացուցիչ նյարդայնությունն անխուսափելի են: Հատկապես այն դեպքում, երբ հղիության ամիսներն այնքան էլ հարթ չեն անցել:

Մեծագույն վախը ծննդաբերությունն է: Ազատ ու անվերահսկելի տեղեկատվությունը բավական հաճախ է բացասաբար ներազդում փխրուն հոգեվիճակում գտնվողների վրա: Հատկապես առաջին երեխայի ծնունդը լի է անհասկանալի, անիմանալի իրավիճակներով:

Այնուամենայնիվ, չվախենալ նշանակում է չանհանգստանալ և չզգուշանալ: Հետևաբար չափավոր ու կառավարելի անհանգստությունը կստիպի առավել զգոն ու ուշադիր լիել այս հույժ պատասխանատու շրջանում:

Մանկաբարձ-գինեկոլոգները խորհուրդ են տալիս ավելորդ լարվածությամբ չպատրաստվել ծննդաբերությանը, փոխարենը լինել հանգիստ, ուշադիր և հատկապես բնական ճանապարհով ծննդալուծման դեպքում լսել բժշկին:

Հոգեբանների խոսքով ծննդալուծման գործընթացն առավել հանգիստ ու առանց անակնկալների է անցնում, երբ կինը հոգեբանորեն պատրաստ է նոր կարգավիճակին: Ծննդաբերության պրոցեսին փիլիսոփայորեն վերաբերելն ու խորհուրդ տեսնելը բերում են գիտակցականի այն մակարդակին, որը կարող է բազմապատկել անվտանգ գործընթացի հավանականությունը: