Մանկական ուղեղային կաթված

Մանկական ուղեղային կաթվածը մի հիվանդություն է, որը պետք է ուղեկցի մարդուն ողջ կյանքի ընթացքում: Այս հիվանդության արտահայտման ձևերը չափազանց անհատական են, մեծապես կախված են ախտահարման աստիճանից, դրանց կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքներից:

Մանկական ուղեղային կաթվածը կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող ուղիները։ Ախտահարվում է նաև կամային և ոչ կամային շարժումները կարգավորող մեխանիզմների փոխազդեցությունը։ Մկանային կառավարման նման խանգարումը դժվարություններ է առաջացնում շարժման և մարմնին որոշակի դիրք տալու ժամանակ։

Հիվանդության պատճառը գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է մինչև ծնվելը կամ վաղ մանկական հասակում։ Ընդ որում մկանները պարալիզացված չեն։ Գլխուղեղի վնասվածքը չի զարգանում, բայց տարիքի հետ ավելի ակնհայտ է դառնում։ Ուղեղային պարալիչը յուրաքանչյուր երեխայի ախտահարում է յուրովի։ Հիվանդության թույլ արտահայտման դեպքերում երեխաները սովորում են քայլել երերուն հավասարակշռությամբ։ Մեկ այլ դեպքում կարող են առաջանալ ձեռքերի օգտագործման հետ կապված խնդիրներ, իսկ ծանր դեպքերում երեխաները չեն կարողանում ինքնուրույն նստել և հոգալ ամենօրյա կարիքները։

Մանկական ուղեղային կաթվածը սովորաբար առաջանում է ներարգանդային վնասվածքների կամ ուղեղի թերզարգացման արդյունքում։ Վնասվածքները երեխան ստանում է ներարգանդային կյանքում, ծննդաբերության ժամանակ կամ ծննդյան առաջին օրերին: Նշանակություն ունի նաև կնոջ՝ հղիության ընթացքում ունեցած վարակիչ հիվանդությունները, էնդոկրին խանգարումների բարդությունները, ընկերքի վաղ շերտազատումը ծննդաբերության շրջանում: Կա վիճակագրություն, ըստ որի՝ մանկական ուղեղային կաթվածով երեխաների շուրջ 75 տոկոսը անհաս են ծնվել:

Լինում են դեպքեր, երբ երեխայի ծնունդից անմիջապես հետո հնարավոր է լինում ախտորոշել հիվանդությունը: Բայց այն դեպքերում, երբ ուղեղային կաթվածն ախտահարել է միայն մեկ համակարգային գործառույթ, որը հասունացում է ենթադրում, հիվանդություն  ախտորոշվում է ուշ շրջանում, ասենք՝ այն դեպքում, երբ վնասված է խոսքի, լսողության, կամ շարժումների ֆունկցիան:

Ընդհանուր առմամբ, մանկական ուղեղային կաթվածի դեպքում երեխաների մկանները չափազանց թույլ են զարգացած, այն աստիճան, որ անհնար է իրականացնել հենաշարժողական ֆունկցիան, այս ամենի արդյունքում նրանց շարժումները սահմանափակ են, չկանոնակարգված: Երբեմն՝ ձգված ու լարված: Որոշ երեխաներ ունենում են ցնցումներ: Զուգահեռաբար լինում են նաև լսողության տեսողության, շլության, խոսքի խանգարման խնդիրներ, էպիլեպսիայի, հոգեկան ու էմոցիոնալ զարգացման հապաղումներ: Ստամոքսաղիքային համակարգի խանգարումներն ու միզասեռական հիվանդությունները ևս լրացնում են ընդհանուր հիվանդությունների ցանկը: Մասնագետները հրավիրում են ծնողների ուշադրությունը՝ մանկական ուղեղային կաթվածը շուտ հայտնաբերելու նկատառումներով:

Կասկածել և բժշկին դիմել անհրաժեշտ է, եթե.

 

  • Մեկ ամսականում երեխան չի արձագանքում և չի թարթում աչքերը ի պատասխան ուժգին ձայնի,
  • 4 ամսականում գլխով շուռ չի գալիս դեպի աղմուկը,
  • 4 ամսականում ձի ձգվում դեպի ծնողի ձեռքը պահած հետաքրքիր որևէ իր կամ գունավոր խաղալիքը,
  • 7 ամսականում չի կարողանում ինքնուրույն, առանց օգնության նստած մնալ,
  • 12 ամսականում բառեր չի արտաբերում
  • 12 ամսականում միայն մի ձեռքով է իրականացնում բոլոր գործողությունները
  • Կան ցնցումներ,
  • Կա շլություն,
  • Շարժումները չափազանց կտրուկ են կամ չափազանց դանդաղկոտ,
  • 12 ամսականում չի կարողանում և փորձեր չի անում քայլելու:

 

Մասնագետները երբեք չեն խոսում մանկական ուղեղային կաթվածի լիարժեք վերականգնման մասին:

Այս հիվանդության ախտորոշման համար նյարդաբանի խորհրդատվություն է անհրաժեշտ, այնուհետև կորոշվի գործիքային ու լաբորատոր քննությունների տեսակն ու նպատակահարմարությունը:

Մանկական ուղեղային կաթվածի սահմանումից ի վեր երեխայի ընտանիքը սկսում է ապրել այլ ռեժիմով: Հիվանդության զարգացումներն ու բարդությունները կառավարելի են այն դեպքում, երբ երեխայի ընտանիքը միանշանակ ու ըմբռնողաբար է մոտենում իր նոր կենսակերպին և իրենց ընտանիքի անդամի առանձնահատկություններին: Հիվանդության կառավարման և հիվանդագին դրսևորումների շտկման ուղղությամբ աշխատում է ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի մասնագետ՝ հոգեբան, նյարդաբան, ակնաբույժ, լոգոպեդ, անհրաժեշտության դեպքում միանում են այլ նեղ մասնագետներ՝ կախված սիմպտոմներից: Միևնույն ժամանակ, մեծագույն կարևորություն ունի ռեաբիլիտոլոգը, ով օգնում է երեխային քայլել սովորել: Հատուկ մանկավարժը սովորեցնում է մտածել ու զարգացնում է փոքրիկի միտքը: Հատկանշական է, որ այն դեպքերում, երբ ընտանիքում ստացած ջերմությունն ու սերը միավորվում են մասնագիտական-բժշկական  աջակցության ճիշտ ընտրությանը, երեխաները հեշտությամբ կարողանում են անգամ ինտեգրվել հասարակություն, զգալ իրենց հնարավորինս ապահով ու թեթևացնել ֆիզիկական անհարմարությունները: Մեր հասարակությունում կան իրենց բնագավառում հայտնի և նշանակալի հաջողությունների հասած անհատներ, ովքեր ևս մանկական ուղեղային կաթված ախտորոշումն ունեն:

Պետք է նկատի ունենալ, որ այս հիվանդության սխալ բուժումը կարող է բարդացնել իրավիճակը: Կան ծնողներ, ովքեր շտապում են ստանալ վերջնական ախտորոշում, իրենք իսկ  հերքելով մանկական ուղեղային կաթվածի առկայությունը: Արդյունքում երեխան ստանում է մեկ այլ բուժում՝ միանշանակ վերացնելով կյանքի որակի վերաբերյալ հնարավոր  հեռանկարը: