Մելանոմա

Մելանոման մեր ժամանակներում բավական տարածված  ուռուցքաբանական հիվանդություն է: Այն զարգանում է մաշկի բջիջների մելանոցիտների զարգացման հետևանքով: Մելանինը մարդու մաշկի գույնը որոշող պիգմենտն է: Մելանոման կարող է ի հայտ գալ բոլոր տարիքներում: Համարվում է, որ օնկոլոգիական հիվանդությունների շարքում այն ամենից դժվար բուժվողներից մեկն է, ինչն էլ մահացության մեծ ցուցանիշի պատճառ է դառնում: Սակայն, վաղ հայտնաբերման դեպքում բուժումը իրատեսական է:

Ցանկացած չարորակ հիվանդության ԴՆԹ բջիջներում վնասման հետևանք է, որը սկսում է դրսևորվել արտաքին գործոնների ազդեցությամբ: Մելանոմայի առաջացման ռիսկի գործոն է համարվում ժառանգական նախատրամադրվածությունը, արևի ուղիղ ճառագայթների չափից շատ ընդունումը, խալերի մեծ քանակությունը, բաց գույնի մաշկը: Նախաքաղցկեղային են համարվում դիսպլաստիկ և նեվո-բջջային խալերը:

Մելանոմայի առաջացման նախնական փուլերը բաց չթողնելու համար չափազանց կարևոր է տիրապետել  մի քանի հիմնական առանձնահատկությունների.

-Խալերի ասիմետրիկ տեսքը, եզրերն լինում են կտրատված և անհավասար,

-Գույնի փոփոխություն. մելանոման մեծամասամբ լինում է մոխրագույն, սև, երկնագույն, վարդագույն և կարմրավուն երանգների: Պետք է նկատի ունենալ, որ ցանկացած խալի գույնի փոփոխությունը պետք է ահազանգ լինի՝ բժշկի դիմելու:

-Պետք է ուշադրություն դարձնել նաև խալի չափերին, մելանոման ունենում է 6մմ-ից մեծ չափ:

Մելանոմայի առաջին նախանշանը խալի գույնի և չափի փոփոխությունն է, ավելի ուշ նկատվում են արնահոսություններ և այլ բնույթի արտադրության արտահոսք: Սակայն հիվանդության սկզբնական փուլը կարող է և անցնել առանց նախանշանների: Իսկ արդեն մետաստազների առկայության պարագայում պացիենտը զգում է ցավ ոսկրերում, թուլություն, նիհարում է: Մետաստազները սովորաբար հասնում են ոսկրերին, կարող են ախտահարել ավշային հանգույցները, ինչպես նաև ցանացած օրգան-համակարգ:

Պետք է նկատի ունենալ, որ մելանոմայի կասկածի պարագայում պետք է դիմել ուռուցքաբանի, որևէ պարագայում չի կարելի պարբերաբար ձևափոխվող խալի մշակումը վստահել մաշկաբանի, որքան էլ նա բարձր որակավորում ունենա: Պետք է իրականացնել հետազոտությունների շարք՝ վերջնական ախտորոշում սահմանելու նպատակով: Իրականացվում են գործիքային և լաբորատոր քննություններ:

Մելանոմայի կանխարգելումը հնարավոր է որոշ դեպքերում: Ժառանգական նախատրամադրվածության պարագայում պարտադիր է տարեկան 2 անգամ բուժզննությունը: Խորհուրդ  է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, մշտապես արևապաշտպան քսուքներ օգտագործել:

Ուռուցքաբանները  մելանոմայի բուժումը բավական բարդ են համարում, քանի որ այն արագ մետաստազներ արձակելու հատկություն ունի: Հիմնական դեպքերում այն ենթակա է վիրահատման: Լիարժեքություն ապահովում են քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը: