ՄՌՏ Սիրտը հետազոտելու համար

Մինչ օրս սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման համար կիրառվող ամենատարածված մեթոդը համարվում է ուլտրաձայնային հետազոտությունը իր հասանելիության և  մատչելիության համար, իսկ սրտամկանի սնուցման գնահատման համար կիրառվում են ռենտգեն ախտորոշման մեթոդներ (ԿՏ և սելեկտիվ անգիոգրաֆիա): Սրտամկանի ՄՌՏ նոր խոսք է ախտորոշիչ հետազոտությունների ոլորտում, որը կոչված է լրացնելու, իսկ որոշ դեպքերում շտկելու վերը նկարագրված  մեթոդների թերությունները:

Վահե Բակունց
Բժիշկ-ռադիոլոգ, ՄԻԲՍ բժշկական կենտրոն

Սրտամկանի ՄՌՏ ոչ ինվազիվ հետազոտության տեսակ է, երբ, օգտագործելով բարձրադաշտ մագնիսական դաշտ, հատուկ ռադիոալիքային հաջորդականություններ, ինչպես նաև հավաքված տվյալների բարդ համակարգչային մոդելավորում, ստանում ենք սրտի անատոմիայի և մորֆոլոգիայի վերբերյալ հստակ պատկերացում:  Ի տարբերության ուլտրաձայնային հետազոտության, ՄՌՏ-ի ժամանակ ստացված պատկերների որակը կախված չէ ռադիոլոգի հմտությունից և ազդանշանային ընդունիչի պարամետրերից: Կարելի է ստանալ առանց սահմանափակումների սրտամկանի պատկերներ մի շարք սպեցիֆիկ պրոյեկցիաներով: Իսկ ռենտգենային ճառագայթում օգտագործող մեթոդների համեմատ առավելությունը կայանում է նրանում, որ սրտի ՄՌ հետազոտությունը կարելի է կատարել՝  առանց տարեկան ստացված թույլատրելի ճառագայթման շեմը գերազանցելու վախի:

Բացի ստատիկ պատկերներից, որոնց միջոցով գնահատվում են սրտամկանի հյուսվածքի փոփոխությունները T1, T2, T2 tirm, T2* ծրագրերով (օրինակ միոկարդիտների, սարկոիդոզի, ամիլոիդոզի, սրտամկանում երկաթի կուտակման ժամանակ) ստացվում են նաև կինոսերիաներ (true-FISP ծրագրով), երբ հնարավոր է լինում գնահատել կծկումների ժամանակ սրտամկանի պատերի անոմալ շարժումները:

Սրտի ՄՌՏ թույլ է տալիս շատ ավելի ճշգրիտ գնահատատել փորոքների ֆունկցիոնալ պարամետրերը (արտամղման ֆրակցիա, վերջնական դիաստոլիկ և սիստոլիկ ծավալ և չափեր, փորոքների զանգվածը), ինչը որոշ դեպքերում կարող է վճռորոշ նշանակություն ունենալ բուժման մեթոդի ընտրության հարցում: Մեթոդի անխոս առավելությունն է հանդիսում նաև կոնտրաստային ուժեղացման կիրառմամբ սրտամկանի պերֆուզիայի գնահատմումը, ինչպես նաև սրտամկանի պատում կամ սրտի խոռոչներում առկա գոյացությունների հայտնաբերումը:

Սրտամկանի ՄՌՏ  հանդիսանում է ընտրության մեթոդ, երբ անհրաժեշտ է ոչ ինվազիվ եղանակով  գնահատել առիթմոգեն աջփորոքային դիսպլազիաները, կարդիոմիոպաթիաները (հիպերտրոֆիկ, դիլատացիոն, իշեմիկ և ոչ իշեմիկ), սրտապարկի բորբոքային հիվանդությունները և ծավալային գոյացությունները: Մեթոդի օգնությամբ կարելի է գնահատել նաև սրտամկանի իշեմիկ հիվանդությունը, սրտի բնածին արատները, անևրիզմաները, սրտի փականների  հիվանդությունները (ստենոզ, անբավարարություն, զարգացման անոմալիաներ):

Հաշվի առնելով սրտամկանի կծկումները հետազոտության ժամանակ՝ իրականացվում է տվյալների հավաքման սինխրոնիզացիա սրտի ԷՍԳ-ի և պուլսի հետ, որի հետևանքով, կախված առիթմիաների առկայությունից կամ բացակայությունից, հետազոտության տևողությունը կարող է փոփոխվել: Բացի վերոնշյալ սինխրոնիզացիայից հետազոտվող պացիենտից պահանջվում է ճշգրիտ կատարել  հետազոտող բժշկի հրահանգները (շնչել, պահել շունչը, արտաշնչել)`  պատկերների աղավաղումից խուսափելու համար:

Հետազոտության անցկացման համար բացարձակ հակացուցումներ են ռիթմակարգավորիչների, մետաղական իմպլանտների, ինչպես նաև բեկորների և անհայտ ծագման մետաղների առկայությունը օրգանիզմում, սրտամկանում նոր տեղադրված ստենտերը, իսկ կոնտրաստային ուժեղացմամբ հետազոտության դեպքում՝ ալերգիկ ռեակցիաները կոնտրաստային նյութից: Հարաբերական հակացուցումներ են կլաուստրաֆոբիան, հղիության առաջին եռամսյակը:

 

Այսպիսով, սրտի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան գերժամանակակից և բարձր ինֆորմատիվությամբ օժտված մեթոդ է, որը հնարավորություն է տալիս գնահատել սրտի կառուցվածքային և ֆունկցիոնալ պարամետրերը, ճիշտ ընտրել բուժման մարտավարությունը, ինչպես նաև, հաշվի առնելով ճառագայթման բացակայությունը, առանց սահմանափակման կիրառել այն՝ բուժման էֆեկտիվությունը գնահատելու համար: