Շիզոֆրենիա. իրականի ու մտացածինի սահմանին

Աշխարհում ավելի քան 21 մլն  մարդ տառապում է շիզոֆրենիա ախտահարմամբ: Այն մեծամասամբ բացահայտվում է 15-25 տարեկան ժամանակահատվածում: Շիզոֆրենիայի նախանշանները երբեմն մարդիկ շփոթում են դեռահասության հոգեբանական առանձնահատկությունների հետ՝ բաց թողնելով կարևորագույն ժամանակահատվածը:

Չնայած գիտատեխնիկական նվաճումներին՝ շիզոֆրենիան այսօր էլ համարվում է ամենաառեղծվածային հիվանդություններից մեկը:

Այնուամենայնիվ, ընդունված է համարել, որ շիզոֆրենիայի առաջացման կարևորագույն նախապայմանը ժառանգական նախատրամադրվածությունն է: Հիվանդության բացահայտման գործում մեծ նշանակություն ունեն նաև արտաքին գործոնները՝ հոգեբանական տրավմաները, տարած հիվանդությունները, գլխի վնասվածքները:

Շիզոֆրենիայի մասին կարող են վկայել.

— լսողական հալյուցինացիաները՝ օրինակ, մարդուն կարող է թվալ, թե ինչ-որ մեկն իրեն մտքեր է հուշում, կամ գողանում է իր մտքերը,

-տարբեր ներազդեցությունների վերաբերյալ զառանցանք, օրինակ՝ առողջության, կյանքի նկատմամբ ոտնձգություններ, վնասներ,

-խոսքային հալյուցինացիաներ,

-կայուն զառանցանք՝ կոնտակտ այլմոլորակայինների, զուգահեռ աշխարհների հետ,

-ոչ ադեկվատ վարք, անկայուն էմոցիոնալ ֆոն:

Հանդիպում են նաև գերգրգռվածության և արգելակման վիճակներ, մտքերի անկառավարելի հոսք, խոսքի ընդհատվածություն, կամազրկության և ապատիայի երևույթներ, դեպրեսիա:

Շիզոֆրենիայի վերաբերյալ կասկածները հերքում կամ հաստատում է  հոգեբույժը: Որոշ դեպքերում շիզոֆրենիա ախտորոշումը սահմանվում է հետազոտությունների դեպքում, հիվանդության 6 և ավելի ամիս տևողության պարագայում:

Շիզոֆրենիա ախտորոշումով մարդու ներկայությունը պարտավորեցնող է: Անհրաժեշտ է նրան չհրահրել, որևէ կերպ նրա հետ կոնֆլիկտի, հարցերի պարզաբանման, ծանր խոսակցությունների չգնալ, չփորձել հակառակվել: Չէ՞ որ սա մարդու անձնային հատկությունների փոփոխության հիվանդություն է: Հարազատները պետք է ուշադիր լինեն՝ վերահսկելու բժշկի նշանակած դեղորայքի պատշաճ ընդունումը:

Հոգեբուժական նշանակության դեղորայքի դեղաչափի փոփոխությունը կամ ինքնուրույն հրաժարումը կարող է բերել ոչ միայն նախկին ախտանիշերի ի հայտ գալուն, այլև պացիենտի վիճակի վատթարացման:

Պետք է նկատի ունենալ, որ շիզոֆրենիայի ռադիկալ բուժման տարբերակ դեռևս գոյություն չունի: Որպես կանոն, հոգեթերապևտի նշանակումների արդյունքում պացիենտը կարող է լիարժեք ու չտարբերվող կյանքով ապրել, հիվանդության ճիշտ ու ժամանակին կառավարման դեպքում՝ աշխատել: Սակայն լինում են դեպքեր, երբ հոսպիտալացման անհրաժեշտություն է լինում: Ամեն դեպքում՝ բուժման նկատմամբ արձագանքները մեծապես կախված են մարդու գենետիկ նախատրամադրվածությունից, հոգեկերտվածքի առանձնահատկություններից, դեղորայքի անհատական տանելիությունից: