Չծնված մարդիկ. հղիության արհեստական ընդհատում

Պատահականություններ չեն լինում: Յուրաքանչյուր մարդ կրողն է իր ճակատագրի, որը նշանակություն ունի: Առեղծված է մարդու գոյությունն ու ծնունդը: Այնքան բնական, որքան Տիեզերքը: Սակայն հաճախ է մարդը խառնվում  Տիեզերականի գործերին: Անպտղությունը դառնում է կառավարելի, իսկ հղիության արհեստական ընդհատումները դարերի պատմություն ունեն:

Կան երկրներ, որտեղ արգելված է արհեստական ընդհատումը ստացիոնար պայմաններում, եթե չկա բժշկական ցուցում: Մեր երկրում արգելվում է հղիության արհեստական ընդհատումը՝ 12շաբաթականից հետո: Հղիությունն ընդհատելու որոշումը կնոջ մենաշնորհն է: Նա իրավունք ունի անգամ բժշկական ցուցման պարագայում, ասենք՝ երբ հետազոտություններով պտղի որևէ արատ կամ զարգացման թերություն է հայտնաբերվել, պահպանել հղիությունը: Վիճակագրությունը փաստում է նաև նման դեպքեր, երբ կինը գերադասում է լույս աշխարհ բերել ֆիզիկական և ֆիզիոլոգիական խնդիրներ ունեցող սաղմնավորված էակին՝ նրա կյանքն ընդհատելու փոխարեն:

Այնուամենայնիվ կան պաթոլոգիաներ, երբ հղիության արհեստական ընդհատումը խստագույն ցուցում է:

Երբեմն հղիության արհեստական ընդհատման  ցուցումը պայմանավորված է կնոջ օրգանիզմի առանձնահատկություններով: Սիրտ-անոթային հիվանդությունները, արյան մասնավորապես չարորակ, թոքերի քրոնիկ, ստամոքսաղիքային համակարգի խոցային, նյարդաբանական ծանր հիվանդությունները, հոգեկան խանգարումները, տուբերկուլոզը, երիկամներից մեկի բացակայությունը, ինչպես նաև հետվիրահատական վաղ շրջանը և այլն:  Նշված հիվանդությունների մեծամասնության պարագայում հղիության ընդհատման ցուցումը կախված է առավելապես պացիենտի օրգանիզմի անհատական առանձնահատկություններից, որպես կանոն, հղիության պահպանումն ուղղակի ռիսկ է՝ թե՛ կնոջ, թե՛ պտղի կյանքի համար: Հատկանշական է, որ որոշ պացիենտական կազմակերպություններ օրինակ ուռուցքաբանական, էնդոկրին, նյարդային համակարգերի հիվանդությունների պարագայում հղիության ընդհատման ցուցումը մարդու իրավունքների խախտում են դիտարկում: Մանավանդ, երբ ժամանակակից բժշկությունն ու հատկապես դեղագիտությունն ի զորու են նպաստել հղիության պահպանմանը: Այնուամենայնիվ, որոշում կայացնելը շարունակում է մնալ կնոջ իրավունքը:

Կարևոր է իմանալ, որ հղիության արհեստական ընդհատումն ունի մի շարք բարդություններ: Մասնավորապես առաջին հղիության արհեստական վիժեցումը անպտղության մեծագույն ռիսկ է պարունակում: Բոլոր դեպքերում, վնասվում են կնոջ վերարտադրողական օրգանները, խաթարվում է դրանց ֆունկցիան: Միևնույն ժամանակ, ամենամեծ հարվածը ստանում է էնդոկրին համակարգը՝ իր բոլոր ճյուղերով: Կնոջ օրգանիզմը, անկախ իր ցանկությունից ու կամքից, այնուամենայնիվ սկսում է պատրաստվել հղիության ռեժիմին, վերափոխվում ու նոր աշխատանքային ռիթմի մեջ են մտնում բոլոր օրգան-համակարգերը: Դա բնական մի գործընթաց է, որը ամիսների ընթացքում պետք է ապահովի պտղի զարգացումն ու ծնունդը: Երբ այս կամ այն պատճառով ընդհատվում են բնականոն գործընթացները, օրգանիզմն ամենաիսկական սթրեսի է ենթարկվում, և ի հայտ են գալիս երբևէ չլսված ու չտեսնված հիվանդագին վիճակներ: Մինչդեռ պատճառն աբորտն էր: Ամենաիսկական վտանգ են բազմակի վիժեցումները, դրանք հասցնում են համակարգային լրջագույն խնդիրների, անգամ օնկոլոգիական հիվանդությունների:

Հատկանշական է, որ այն հասարակություններում, որտեղ օրենսդրական մակարդակով արգելքներ են գործում արհեստական ընդհատման վերաբերյալ, կիրառվում են այլընտրանքային  և մեղմ ասած ոչ բժշկական մասնագիտական մոտեցումներ: Անգամ 21-րդ դարում գործի են դրվում հեքիմական մեթոդներ, որոնք միանշանակ վտանգ են թե՛ հղի կնոջ կյանքին, թե՛ հետագա վերարտադրողականությանը:

Հղիության արհեստական ընդհատումը ցանկացած պարագայում բժշկական մասնագիտական միջամտություն է, որին անհրաժեշտ է նախապատրաստվել: Այն ենթադրում  է մի շարք գործիքային ու լաբորատոր հետազոտություններ՝ հայտնաբերելու հնարավոր հիվանդություններ: Պետք է նկատի ունենալ, որ հղիության արհեստական ընդհատումն ունի հակացուցումներ՝ դրանք են  կնոջ օրգանիզմում առկա հատկապես միզասեռական համակարգի սուր վարակիչ և բորբոքային հիվանդությունների առկայությունը: Միջամտությունն իրականացվում է նշված հիվանդությունների վերացումից հետո, հակառակ պարագայում ընդհատումը կարող է մի շարք բարդություններ արձանագրել: Պետք է հիշել, որ հղիության արհեստական ընդհատումն անհրաժեշտ է իրականացնել միմիայն հիվանդանոցային պայմաններում: Կախված միջամտության եղանակից՝ վակուումային ասպիրացիոն, վիրաբուժական, թե դեղորայքային, կինը պետք է շարունակի մնալ բժշկի հսկողության ներքո, իսկ միջամտությունից հետո վերանայի կենսակերպը:

Բազմաթիվ կանանց համար հոգեբանական մեծագույն սթրես է աբորտի դիմելը: Տարիներ շարունակ նրանք մեղադրում են իրենց սեփական երեխայի կյանքն ընդհատելու մեջ: Հետևաբար, միջամտությունից առաջ ու հետո հոգեբանական աջակցությունը ևս անհրաժեշտություն է: