Սերն է վարակիչ…

Գիտե՞ք՝ ինչ չի կարող անել քաղցկեղը… քաղցկեղը չի կարող սպանել սերը, չի կարող վերացնել հավատը, ոչնչացնել բարեկամությունը… Ամենաուժեղ դեղը Վիտամին Սերն է: Այն անվճար է, կողմնակի ազդեցություններ չունի, բուժում է, կազդուրում, ապաքինում…


Դինա Միրեդ
Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր
Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ

Այս տարի ապրիլին Հայաստան էր ժամանել Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը: Նա Հայաստանում էր  Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով՝ մասնակցելուԵՊԲՀ Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»:

Քացկեղը վերապրածների կոնգրեսին անչափ հուզիչ ելույթից հետո Նորին Արքայական Մեծությունը բացառիկ հարցազրույց տվեց «Առողջություն» ամսագրին:

-Ի՞նչ է Ձեր ամսագրի անվանումը,- խիստ անմիջական հարցնում է Արքայադուստրը՝ թերթելով հերթական համարը:
-Առողջություն, կարգախոսն էլ՝ ամենից թանկը:

-Ամենաճիշտ լրացումն է Առողջություն բառի համար:

-Շնորհակալություն:

-Կյանքում շատ կարևոր թվացող բաներ կան, բայց հատուկ պահերին ես գիտակցում, որ առողջությունն է կարևորն ու շարժիչը ամեն ինչի,- ասում է Դինա Միրեդն ու հաստատ վերապրում այն, ինչի մասին խոսում էր րոպեներ առաջ և այն, պատմությունները, որ ներկայացնում էին հայտնի ու անհայտ մարդիկ՝ իրենց վերապրած հիվանդության մասին:

Ձերդ Գերազանցություն, առաջին անգամ եք Հայաստանում, ինչպե՞ս եք Ձեզ զգում մեր երկրում:

-Հորդանանում մեծ ու ամուր հայկական համայնք կա: Ինձ համար հայերի հյուրասիրությունը, մարդկային որակները նորություն չէին: Բայց շատ ուրախ եմ, որ այցելեցի հրաշալի մարդկանց հայրենիք, աչքովս տեսա գեղատեսիլ բնությունը, պատմական հուշարձանները: Հիմա ամեն ինչ պարզ է՝ որտեղից է գալիս մարդկային տեսակը…

-Շատ ու շատ փոքրիկների երազանքն է արքայադուստրերի կյանքը: Դա հեքիաթներից է, ինքնաբերաբար է գալիս: Իսկ ինչպիսի՞ն է դա իրականում:

-Սա նախ պարտավորությունների ու պարտականությունների մի ողջ շղթա է: Արքայական ընտանիքը, իհարկե, մեծ արտոնություններ ունի, հարգանք: Սակայն մենք ինքներս ամենասովորական մարդիկ ենք, ում բնորոշ են այն բոլոր անհաջողությունները, զրկանքները, դժվարություններն ու մարդկային մանրումեծ խնդիրները, որ ունի ցանկացած մարդ:  Կարևորը ամեն ինչ սիրով անելն է: Անգամ ամենածանր հիվանդությունը, երբեք չի նայում քո կարգավիճակին ու տիտղոսներին: Հարվածում է ու փորձում՝ կդիմանաս, կկարողանաս պայքարել, թե … Հավատացնում եմ, ամեն ինչ շատ պայմանական է:

-Ձեր կյանքի փորձն ու պատմությունն եք ներդրել Ձեր հասարակական գործունեության հիմքում:

-Ցավոք՝ այո: 2 տարեկան էր որդիս, երբ իմացանք այդ լուրը… թող ոչ ոք չպատկերացնի, թե ինչ է նշանակում տորթի մոմերը փչելու փոխարեն ձեռքին կատետերներ ունենալ…կայծակնային արագությամբ լուրը տարածվեց Հորդանանով մեկ՝ արքայադստեր որդին հիվանդ է: Ինձ հույս էին տալիս՝ ասելով՝ երիտասարդ ես, կրկին երեխաներ կունենաս: Բայց ես մի կողմ դրեցի բոլոր զգացական պահերը ու պայքարեցի: Այդ պայքարի ուժն եմ ուզում փոխանցել բոլորին: Գիտեմ, որ դժվար է… Այսօր որդիս 22 տարեկան է, առողջ, գեղեցիկ, աշխատում  է ու փոխանցում իր սերն ու նաև հմտությունները բոլորին:

-Գիտությունն անընդհատ զարգանում է, շատ են բուժված մարդկանց պատմությունները: Ցավոք՝ ոչ միշտ…ի վերջո՝ ի՞նչ է կարելի անել …վստահ եմ՝ շատ եք այս ուղղությամբ մտածում:

-Չափից շատ: Ես եկել եմ մի պարզ ճշմարտության: Այս հիվանդության դեմ պայքարի կարևորագույն գործոնը կանխելն է: Հաճախ դա իրատեսական է: Գիտեմ, թե ինչքան շատ է ծխողների քանակը Հայաստանում: Լուրջ պայքար է պետք այս ուղղությամբ: Հակառակ դեպքում, մենք շատ բան կկորցնենք: Երբ շուտ է հայտնաբերվում հիվանդությունը, ավելի մեծ են դրա հաղթահարման հնարավորությունները:

-Ո՞րն է այն շարժիչ ուժը, որն ապրեցնում է Ձեզ բոլոր այն դժվար պահերին, որոնց միջով անցել եք ու շարունակում եք անցնել հասարակական գործունեության բերումով:

-Այդպիսի բան կա: Դա սերն է ու հավատը: Այնուհետև դրան գումարվում են  և այն պատասխանատվությունների ու պարտավորությունների շրջանակը, որ ունես դու: Սիրո ուժը հաղթում է անհաղթահարելի թվացող ամեն ինչի: Միայն պետք է հավատալ դրան: Ասվածը զուտ խոսքեր չեն: Ես ամեն օր ու ամեն պահ գիտակցում ու վերագնահատում եմ իմ սիրո ու հավատի ուժը: Ուզում եմ այն փոխանցել բոլորին:

-Ո՞րն է այն հիմնական գաղափարն ու միտքը, որ ուզում եք հասցնել աշխարհի բոլոր մայրերին ու ընտանիքներին, ովքեր քաղցկեղով հիվանդ երեխա կամ հարազատ ունեն:

-Քաղցկեղ ախտորոշումն ամենածանր լուրն է, որ կարող է մարդը ստանալ իր կյանքի ընթացքում: Հարազատին կորցնելու հոգեբանական ծանր վիճակը բազմապատկվում է նաև սոցիալական խնդրի առկայությամբ: Երբ իմ երեխան էր հիվանդ, որը մենք հաղթահարեցինք, բուժումը թանկ էր նաև արքայական ընտանիքի դիրքերից: Միշտ պետք է դիմել բուժման, պետք է դիմել այն բոլոր կազմակերպություններին ու բարեգործական հիմնադրամներին, որոնք գործում են հենց միմյանց աջակցելու համար: Ստացեք նաև այն կարևոր հոգեբանական օգնությունը: Հիշե՛ք, կան մարդիկ, ովքեր միշտ պատրաստ են օգնել: Ուժեղ եղեք: Սա փորձություն է, որը պետք է հաղթահարել: Ամեն մարդ իր ճակատագիրն ունի, որը կոփվում, ամրանում է փորձություններով: Ուժեղ եղեք, ստացեք Ձեր բաժին ուժը ու առաջ նայեք: Թող ձեզ օգնական լինել բոլորիս աղոթքներն ու այն հազարավոր ապաքինված մարդկանց պատմությունները, որոնք դիմակայել են այս նենգ հիվանդությանն ու ապրում են ի հեճուկս իրենց կյանքի թերևս ամենամեծ փորձության: Ես բացառում եմ նաև հոգեբանական ճնշումը, որ հաճախ փոխանցվում է հիվանդին՝ խղճմտանքի տեսքով: Մի՛ ճնշեք նրան, մի՛ թուլացրեք նրա պայքարն ու տրավմայի մի՛ ենթարկեք:  Ամեանթանկն եմ մաղթում ձեզ՝ առողջություն: