Սիրեք ու վստահեք Ձեր երեխային

Երախա ունենալը մեծագույն պատասխանատվություն է՝ երեխայի, ինքդ քո, հասարակության առաջ:

Ընտանիքը այն միջավայրն է, որի ուղղակի ազդեցութոյւններն ու գաղափարախոսությունը աստիճանաբար տարածվելու է հասարակության վրա:

Թե ինչպիսին կլինի ընտանիքը, որոնք կլինեն այն հիմնարար արժեքներն ու սկզբունքները, մարդկային հարաբերությունների մոդելը, մեծապես կապված է ամուսինների որոշումից: Իսկ այդ որոշումը կենսակերպ է, կուտակված փիլիսոփայություն, արժեհամակարգ: Այդ որոշումը սովորաբար լուռ է կայացվում: Երբ ընտանիքում սերը, հարգանքն ու փոխհամաձայնությունն են տիրում, ծնվում, դաստիարակվում ու մեծանում են երեխաներ, ովքեր անվնաս են իրենց ներկայությամբ: Ու վնասարարության չափը մեխանիկական վնասներով չէ որ որոշվում է:

Իսկ այն ընտանիքներում, որտեղ անհանդուրժողականությունը, անարգանքն ու վտանգավոր սովորություններն են, երբ երեխան մեծանում է վատագույն փորձի հիման վրա, անկախ իր ու ծնողների կամքից նա դառնացած է, առավել անհանդուրժող, առավել վտանգավոր: Նա գործում է ենթագիտակցականի մակարդակում:

Երազային մանկական հեքիաթը ոչ թե ֆինանսական ներդրում, այլ պարզ մարդկային հոգի է ենթադրում:

Ինչպես բազմիցս նշում են մասնագետները, երեխաների հոգեկերտվածքի ձևավորումը սկսվում է ներարգանդային կյանքում և տևում մինչև կյանքի առաջին 2-3 տարին:Այս ընթացքում նրանք ազդակների միջոցով ստանում են այն տեղեկատվությունը, որը ենթագիտակցականի մակարդակում հետագայում պայմանավորում է մարդու քայլերն ու սկզբունքները: Երեխաները զգում են իրենց նկատմամբ ծնողների անտարբերությունը: Ենթագիտակցորեն դրդված ագրեսիան, չարությունը, վատ արարքները հենց վաղ մանկական տարիների սիրո բացակայությունն ու անտարբերությունն են: Հետագայում ծնողները պիտի երկմտեն, թե որտեղից իրենց զավակն այնքան դաժան դարձավ, որ բոլոր հարցերը լուծում է ծեծով, անհանդուրժողականությամբ, տանջանքներով: Այսպիսով նրանք պարզապես ուշադրություն են գրավում:

Յուրքանչյուր երեխա ամուր է, երբ մեջքի հետևում զգում է ծնողների հավատն իր հանդեպ: Առաջին խրախուսողն ու խթանողը ծնողը պետք է լինի: «Դու լավ չես սովորում», «դու անխելք ես», «դու այդքան չկաս», «դու ամեն ինչ կփչացնես». սա հենց այն արտահայտությունների համալիրն է, որը երեխային փոքրացնում է իր իսկ աչքին: Այսպիսով նա անընդհատ լարվածության մեջ է՝ ապացուցելու իր հնարավորությունները: Բնական է, որ այն դեպքում, երբ մարդը զբաղված է ներքին բարդույթները հաղթահարելով, բաց են թողնվում իրական արժեքները:

Երեխայի ճիշտ ուղղորդումը, նրա համար երազային մանկություն ապահովելու գաղափարը պետք է դոմինանտ լինի բոլոր հարաբերություններում: Չափահաս մարդը, հետ նայելով դեպի մանկություն պետք է զգա վանիլե հարաբերությունները, նրա քթից երբեք պետք է դուրս չգա հոգատարության, հեքիաթների, սիրո ու ջերմության բույրը: Կյանքը, մարդկային հարաբերություններն ու վերընտանեկան հարաբերությունների հիստերիկ մրցավազքը կոշտացնում են մարդու զգայարանները: Կեղծավորությունն ու խաբկանքը տարիքի հետ առավել խորն են սողոսկում մարդկային հարաբերությունների արանք: Յուրաքանչյուր մարդ իր հոգու խորքում պետք է ունենա այն քաղցր հրաշքը, որը ուժ կտա ապրելու, կհիշեցնի մարդկայինի ու մաքուր հարաբերությունների մասին: