Սրտանոթային հիվանդություններ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները տարիներ շարունակ չեն փոխվում՝ վիճակագրությունը շարունակում է գրանցել սրտանոթային հիվանդացության ու դրանից մահացության ամենաբարձր ցուցանիշը: Ավելին, այս հիվանդությունները երիտասարդանում են՝ ներգրավելով նորանոր սոցիալական ու տարիքային խմբեր: Հայաստանում սրտանոթային հիվանդությունների տարածվածության, կանխարգելման հնարավորությունների ու բուժման մեթոդների մասին զրուցեցինք ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական բաժանմունքի վարիչ Համլետ Գ. Հայրապետյանի հետ:

 

Բժիշկ Հայրապետյան, վիճակագրական տվյալները սրտանոթային հիվանդությունների երիտասարդացում են արձանագրում, ինչո՞վ է դա պայմանավորված մեր օրերում։

-Արդյունաբերական զարգացման հետ զուգահեռ ի հայտ են գալիս նաև դրանց  մի շարք  վնասակար հատկությունները, որոնք էլ   ազդեցություն են  ունենում մարդու վրա։ Լարված աշխատանքային պայմաններն ու սթրեսները նույնպես նպաստում են հիվանդությունների երիտասարդացմանը։  Հայաստանում, մասնավորապես 90-ական թվականներին վատ կենսական պայմաններում ապրած ու մեծացած երեխաներն էլ այսօր իբրև նոր սերունդ, իրենց վրա կրում են  այդ հիվանդություններն ՝ իրենց ողջ հետևանքներով։

Ինչպե՞ս  է հնարավոր կանխարգելել սրտանոթային հիվանդությունները։

-Նախևառաջ հարկավոր  է վարել  ճիշտ կենսակերպ ՝ բացառելով  ծխախոտի օգտագործումը։ Ավելորդ քաշը ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք  զարգացած երկրներում առկա հիմնախնդիրներից է։ Ավելորդ քաշը որոշելու հաշվարկը իրականացվում է մարմնի զանգվածը հարաբերելով հասակի քառակուսուն։ Ստացված թիվը չպետք է գերազանցի   25, 25 -30 ՝  միջանկյալ զոնան է, 30-ից բարձրը  արդեն համարվում է ճարպակալում։ Արյան մեջ խոլեստերինի բարձր քանակությունը, ինչպես նաև պասիվ կենսակերպի վարումը կարող են հանգեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացմանը։ Հարկ է նշել նաև ժառանգականության և սեռի գործոնը. արական սեռի մոտ սրտանոթային հիվանդությունները մի քանի անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան իգականի: Սրանք այն բոլոր հնարավոր նախապայմաններն են, որոնց բացառումը կարող է նպաստել սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը:

-Կանանց շրջանում սիրտանոթային հիվանդությունների հաճախացումն ինչո՞վ է պայմանավորված։

-Ըստ տոկոսային հարաբերության ՝ կանանց մոտ սրտամկանի ինֆարկտը ի տարբերություն տղամարդկանց, առավել քիչ է հանդիպում, սակայն հիվանդության  ընթացքն ավելի ծանր է լինում։ Իշեմիկ հիվանդությունը կանանց մոտ  հանդիպում է կլիմաքսի  տարիքի հասնելուց  հետո։

Մենք գիտենք, որ սրտանոթային հիվանդություններից որոշների ժամանակ ստենտավորում է իրականացվում: Ի՞նչ է այն և ո՞ր դեպքերի համար է նախատեսված:

-Ստենատավորումը կատարվում է սրտի իշեմիկ հիվանդության դեպքում՝  սիրտը սնուցող զարկերակների վրա։ Վերջինս ունի զարգացման երկու ընթացք ՝ սուր և քրոնիկական։ Սուր  իշեմիկ հիվանդության ամետարածված ձևը սրտամկանի ինֆարկտն է։ Սիրտը սնուցող անոթներից որևէ մեկի խցանման կամ անկայունացման դեպքում անհրաժեշտ է հրատապ  բացել այդ անոթը և վերականգնել արյան հոսքը դեպի սրտամկան, որպեսզի նրա սնուցումը երկար ժամանակ չդադարի, և  այն կարողանա ակտիվ աշխատել։ Քրոնիկ դեպքերում դա արդեն արվում է ըստ ցուցումների։