Տրոֆիկ խոցեր

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները մեր ժամանակներում չափազանց տարածված են: Կան երկրներ, որ դրանցից մահացությունն առաջին տեղում է: Մասնավորապես անոթային համակարգի հիվանդությունների տեսանկյունից չափազանց նպաստավոր է 21-րդ դարի մարդու կենսակերպը՝ անառողջ սնունդ, քիչ շարժուն առօրյա, ծխախոտի և ալկոհոլի չարաշահում, չբուժված քրոնիկ հիվանդություններ:

Տրոֆիկ խոցը անոթային համակարգի բարդագույն և դժվար բուժելի հիվանդություն է: Այն մեկ օրում և ինքնուրույն չի առաջանում: Տրոֆիկ խոցը բարդությունն է այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են աթերոսկլերոզը, շաքարային դիաբետը, քրոնիկ երակային անբավարարությունը, վարիկոզ հիվանդությունը, տրոմբոֆլեբիտը, պերիֆերիկ պոլինեվրոպաթիաները և այլն:

No title

Տրոֆիկ խոցերը կարող են ի հայտ գալ մարդու մարմնի ամենատարբեր հատվածներում: Օրինակ, եթե մարդն ունի շաքարային դիաբետ, ախտահարվում են ստորին վերջույթները, հետևաբար տրոֆիկ խոցերն ի հայտ կգան ստորին վերջույթներին:

Սրունքներին ի հայտ եկող տրոֆիկ խոցերն առաջանում են քրոնիկ անոթային անբավարարության ֆոնին: Մաշկի տվյալ հատվածի արնամատակարարման խանգարումը հանգեցնում է միկրոցիրկուլյացիայի խանգարման, թթվածնի և սնուցման  անբավարարության, հետևաբար և հյուսվածքներում մետաբոլիկ խանգարումների: Վնասված հատվածը նեկրոզվում է, զգայուն է դառնում ցանկացած վնասակար ագենտների և վարակների նկատմամբ:

Տրոֆիկ խոցերի տարբերիչ ախտանշանը մաշկի չորությունն է, բարակումը, այն փայլուն է և լարված: Նրա վրա ի հայտ են գալիս բնորոշ պիգմենտներ և ժամանակի ընթացքում փոքրիկ խոց է առաջանում, որն աստիճանաբար մեծանում է: Այնուհետև դրա ծայրերը պնդանում են, մակերեսը ծածկվում է փառով, արնահոսում է: Իսկ կարճ ժամանակ անց անգամ ամենափոքրիկ վնասվածքը հանգեցնում է խոցի մեծացման, և դրան անպայման միանում է վարակի գործոնը: Խոցը սարսափելի ցավում է: Պացիենտը դժվարանում է կոշիկ, գուլպա ընտրել, բարդություն է առաջանում հիգիենայի պահպանման տեսանկյունից:

«Տրոֆիկ խոց» ախտորոշումը սահմանվում  է անոթաբանի կողմից արտաքին զննությամբ, իսկ վաղ ախտորոշումն ու կանխարգելումը հնարավոր է գործիքային հետազոտությունների միջոցով՝ ստորին վերջույթների դոպլերոգրաֆիա, ռենտգեն-կոնտրաստային ֆլեբոգրաֆիա:

Երակային տրոֆիկ խոցին բնորոշ է կրկնվող ընթացքն ու տևական բուժումը: Տրոֆիկ խոցերի բուժումը համալիր է: Անհրաժեշտության դեպքում այն իրականացնում են անոթաբանը, էնդոկրինոլոգն ու սրտաբանը միաժամանակ: Չափազանց կարևոր է այն պատճառի վերացումը, որը խոցի առաջացումն է պայմանավորել, օրինակ՝ սրտի աշխատանքի կարգավորում, արյան մեջ շաքարի մակարդակի հսկողություն: Որպես կանոն՝ հիվանդությունը բուժվում է ամբուլատոր պայմաններում՝ առանձին դեպքերում՝ հիվանդանոցում, երբ նկատելի է արյան վարակման, ինչպես նաև բազմակի ինֆեկցման հնարավորությունը: Նշանակվում է համակարգային ազդեցության դեղորայք: Յուրաքանչյուր օր հականեխիչ անձեռոցիկներով մաքրվում է վերքի հատվածը, ապա նշանակվում է կոմպրեսիոն թերապիա: Պացիենտը կրում է բժշկական նշանակության և դոզավորված ճնշմամբ սեղմող գուլպա:

Հատկանշական է, որ խոցի տեղային բուժումը հիվանդության լիարժեք ապաքինում չէ: Մշտապես պետք է գտնվել անոթաբանի հսկողության ներքո, պահպանել առողջ կենսակերպի կանոնները, ինչպես նաև՝ ժամանակին կատարել բժշկի նշանակումները՝ բուժելու և կառավարելու քրոնիկ հիվանդությունները: