Ցավացող ուսահոդ Պատճառներ, ախտորոշում, բուժում

Մարդու կենսագործունեության և կյանքի որակի ապահովման կարևորագույն համակարգը հենաշարժողականն է: Երբ ցավում կամ հիվանդ են հոդերը, սահմանափակվում է մեր շարժունակությունը, ընկնում է կյանքի որակն, ու ի հայտ են գալիս մեծաթիվ անհարմարություններ: Ուսահոդի ցավը շատերին է ծանոթ: Այն առաջացման բազում պատճառներ ունի, ինչի հետևանքով երբեմն ոչ լիարժեք է ախտորոշվում, բուժվում: Արդյունքում՝ ամիսներ տևող բարդություններ և վտանգված կյանքի որակ:

Ուսահոդի ցավի պատճառների, հնարավոր բարդությունների և բուժման մասին զրուցեցինք «Վալիդուս» բժշկական կենտրոնի տնօրեն, օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Օհանյանի հետ:

-Բժիշկ Օհանյան, խնդրում ենք նկարագրել՝ ի՞նչ է ուսահոդի ցավը: Ի՞նչ անհարմարություն է այն պատճառում մարդուն:

— Ուսահոդի ցավերը հիմնականում լինում են գիշերային ժամերին, հիվանդները գանգատվում են ձեռքի շարժումների սահմանափակումից, հատկապես դժվար է ձեռքի զատումը, այսինքն բարձրացնելը, հիվանդները նշում են մատների թմրածություն:

-Ի՞նչ հիվանդություններ կամ վիճակներ կարող են հանգեցնել ուսահոդի ցավի:

— Պետք է նշել, որ ուսահոդի ցավը միայն մեկ պատճառ չի ունենում: Բազմաթիվ հիվանդություններ ու վիճակներ կան, որոնք արտահայտվում են ցավով: Ուսահոդի ցավեր կարող են առաջանալ պարանոցային հատվածի օստեոխոնդրոզի հետևանքով. ուսահոդում ունենք ռոտացիոն մկաններ, որոնք իրականացնում են բազկի ներսային և դրսային պտույտ, աջակցում են բարձրացնելիս, ապահովում են հոդի կայունությունը: Դրանց վնասվածքները ուղեկցվում են ուսահոդի ցավով:

 

Ռոտացիոն մկանների վրա կա պարկ՝ բուրսա, որը մկանների շարժունակությունն ապահովող և բարելավող հեղուկ է արտադրում: Կարող է առաջանալ այդ պարկի բորբոքում՝ բուրսիտ:

-Ինչպիսի՞ ընդունված մեթոդներ կան ուսահոդի ցավի պատճառները հայտնաբերելու ուղղությամբ:

-Ցավոք, Հայաստանում վերը նշված ցավերը ախտորոշվում են բացառապես ռենտգեն հետազոտությամբ, որը սխալ է: Բնականաբար սխալ ախտորոշման հետևանքով իրականացվում է սխալ բուժում: Շատ հաճախ ընդամենն իրականացվում է հորմոնային դեղամիջոցով բլոկադա, որը վերը թվարկված 4-5 խնդիրներից նախատեսված է միայն բուրսիտի դեպքում: Իրականում, ուսահոդի խնդիրը հետազոտելու համար միայն ռենտգենյան հետազոտությունը շատ քիչ է, հատկապես, որ մեզ մոտ ընդունված է կատարել միայն առաջային հետին դիրքով:

-Իսկ ո՞րն է ախտորոշման ճիշտ ու արդյունավետ տարբերակը:

-Ուսահոդի անատոմիան ամբողջությամբ պատկերացնելու համար պետք է երկու հարթությամբ ռենտգեն ունենալ:  Չափազանց ինֆորմատիվ է ուլտրաձայնային հետազոտությունը, սոնոգրաֆիան: Այն դինամիկ հետազոտություն է, հնարավոր է  մանրամասն  հետազոտել բոլոր կետերը, մկանների վիճակը զննել, պարզել  հեղուկի քանակությունն ու առկայությունը, բուրսայի բորբոքումը: Ողնաշարի օստեոխոնդրոզի առկայությունը հաստատելու համար առավել ինֆորմատիվ է մագնիսա-ռեզոնանսային շերտագրումը, ողնաշարում կամ վերին վերջույթում նյարդարմատի ճնշումը որոշելու համար կատարվում է էլեկտրոմիոգրաֆիա: Սրանք այն հիմնական հետազոտություններն են, որ հիվանդը պետք է անցնի, որպեսզի պատկերացնենք՝ ի՞նչ խնդիրների հետ գործ ունենք:

Ի՞նչ կարող է տեղի ունենալ, երբ սխալ բուժում է նշանակվում՝ հորմոնային դեղամիջոցներով:

-Բնականաբար, բուժումը պետք է սահմանել՝ ելնելով առկա ախտորոշումից: Օրինակ եթե ախտորոշվել է օստեոխոնդրոզ,  պարանոցային հատվածում կան դեգեներատիվ փոփոխություններ, անշուշտ  առաջանում են վերին վերջույթի և ուսահոդի ցավեր, այստեղ հորմոնային բլոկադան անիմաստ է: Կոպիտ սխալ է նաև ռոտացիոն մկանների վնասվածքի ժամանակ հորմոնային դեղամիջոցների կիրառումը: Երբ առկա է մկանի պատռվածք, ներարկված հորմոնը մկանների հետաճ է առաջացնում,  այսինքն շրջակա բլոկադայի ենթարկվող նյարդարմատները հետ են աճում, հետևաբար հիվանդները ցավ չեն զգում, բայց, ցավոք, մկանը կծկվում, կնճռոտվում է, և պատռվածքն ավելի է մեծանում: Այսինքն, հորմոնային բլոկադան կարճաժամկետ հարաբերական դրական արդյունք է ապահովում, քանի որ մեկ-երկու շաբաթ ցավը կվերանա, իսկ կվերադառնա ավելի ուժեղ: Եվ միայն  բուրսիտի ժամանակ է, որ  հորմոնի ներարկումը կնճռոտում է բուրսան՝ թողնելով լավ հակաբորբոքային ազդեցություն:

-Կա՞ն այլ, օժանդակ բուժական միջոցներ:

-Հստակ  ախտորոշում անելուց հետո որոշում ենք բուժման տակտիկան,  բուժման առավել արդյունավետ եղանակ է համարվում բուժական ֆիզկուլտուրան: Ոչ բոլոր հիվանդներն են ցավի դեպքում անմիջապես դիմում բժշկի, շատ հաճախ ցավն ունենում է անգամ մեկ տարվա վաղեմություն՝ ի հայտ են գալիս այլ խնդիրներ և բարդություններ՝ տուժում են ուսահոդի մկանները,  առաջանում է մկանների հետաճ, ուժը նվազում է: Մկաններն իրենց վրա են վերցնում այլ ֆունկցիաներ ևս՝ պահում են ձեռքը, որպեսզի այն չթուլանա և ընկնի, բնականաբար, ցավն ուժգնանում է: Ոսկե ստանդարտ համարվող բուժական ֆիզկուլտուրան հնարավորություն է ընձեռում ամրապնդել ուսահոդը շրջապատող բոլոր մկանները:

Ըստ անհրաժեշտության օգնության է գալիս նաև ֆիզիոթերապևտիկ բուժումը: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ պահպանողական միջոցերն արդյունք չեն ունենում, մենք դիմում ենք վիրահատական միջամտությունների:

-Ո՞ր դեպքերում է իրականացվում վիրահատական միջամտություն:

-Իմպիչմենտ համախտանիշը, որը անատոմիական առանձնահատկություն է, ուսահոդի  վերին հատվածում ունենում ենք ուսելում, որն ունի տարբեր տեսակներ՝ 1,2,3-րդ: 2-3-րդ տեակի ուսելունի ժամանակ ուսահոդի շարժումների ծավալի բազկոսկրի գլխիկի և մկանների համար տարածությունը փոքր է, և ձեռքը բարձրացնլով մեխանիկական  վնասվածք է տեղի ունենում: Եթե ճիշտ ժամանակին ենք ախտորոշում,  ապա,  վիրահատական եղանակով շտկելով,  հետագա վնասումներից խուսափփում ենք: Իսկ եթե պարբերաբար կատարում ենք բլոկադա և առաջանում է մկանների պատռվածք, կրկին լուծում ենք վիրահատական եղանակով բայց արդեն թե՛ ֆինանսապես, թե՛ ծավալով ավելի բարդ իրավիճակի առջև ենք կանգնում, Ժամանակատար է նաև վերականգնողական հատվածը: